Սուրճի հայտնի Starbucks ցանցի նախկին ղեկավար Հովարդ Շուլցը հայտարարել է, թե լրջորեն մտածում է նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու եւ պայքարելու մասին՝ հայտնում է BBC News-ը։

Շուլցը, որ ընկերության ղեկավարի պաշտոնից հեռացել է անցյալ տարի, մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2020թ․ ընտրություններում՝ որպես անկախ թեկնածու։

CBS-ին տված իր հարցազրույցում Շուլցն ասել է, թե «ամբողջ կյանքում դեմոկրատ է եղել», թեեւ քննադատել է թե՛ հանրապետականներին, թե՛ դեմոկրատներին։

Նրա կարծիքով, գործող նախագահը այդ պաշտոնում լինելու համար համապատասխան որակավորում չունի, իսկ երկու կուսակցությունները չեն անում այն, ինչ անհրաժեշտ է ամերիկյան ժողովրդին եւ ամեն աստծու օր զբաղված են «վրեժխնդրության քաղաքականությամբ։