Սպասվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն փետրվարի 1-ին կհայտարարի Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների պայմանագրից ԱՄՆ դուրս գալու մտադրության մասին, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով ամերիկացի երեք պաշտոնյաների:
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրել է ՄՓՀՀՊ-ն խախտելու մեջ՝ հայտարարելով, որ եթե Մոսկվան 60 օրում չվերադառնա Պայմանագրին հետեւելուն, ապա ԱՄՆ-ն դրանից դուրս կգա: «Մենք կա՛մ գլուխներս մտցնում ենք ավազի մեջ, կա՛մ միջոցներ ենք ընդունում ի պատասխան Ռուսաստանի կողմից Պայմանագրի պայմանների ակնհայտ անտեսման»,- անցյալ տարվա դեկտեմբերին հայտարարել էր Պոմպեոն:
Փորձագետները մտահոգություն են հայտնել՝ կապված այն հանգամանքի հետ, որ Պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը կարող է բերել սպառազինության նոր մրցավազքի:
Քանի որ լրանում է այն ժամկետը, որն ԱՄՆ-ն տրամադրել էր Ռուսաստանին, եւ 2 կողմերն էլ պնդում են, որ ոչ մի առաջընթաց ձեռք չի բերվել, սպասվում է, որ ԱՄՆ-ն շաբաթ Պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները պաշտոնապես կդադարեցնի եւ կսկսի Պայմանագրից դուրս գալու վեցամսյա գործընթացը:





























