Էքսեթերի եւ Պլիմուտի համալսարանների հետազոտողները Բրիտանական կղզիներում ափ նետված բոլոր ծովային կենդանիների օրգանիզմում հայտնաբերել են միկրոպլաստիկ տարրեր (մինչեւ 5 մմ), հաղորդում է MIGnews-ը` վկայակոչելով Eurek Alert-ին:
Մասնիկների մեծ մասը (84 տոկոս) կազմված են եղել հագուստի, ձկնորսական ցանցերի եւ ատամի խոզանակների սինթետիկ մանրաթելերից: Մնացածը պլաստիկ շշերի եւ տարբեր փաթեթավորումների կտորներ են եղել:
«Դա ցնցող է, բայց ոչ զարմանալի, որ յուրաքանչյուր կենդանի կուլ է տվել միկրոպլաստիկ: Յուրաքանչյուր կենդանու մոտ մասնիկների քանակը համեմատաբար ցածր էր (միջինում 5.5 մասնիկ՝ մի կենդանու մոտ): Մենք դեռեւս չգիտենք, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ միկրոպլաստիկները կամ քիմիական նյութերը ծովային կաթնասունների վրա», - նշել է հետազոտության հեղինակ Սարահ Նելմսը:
Նշվում է, որ վարակիչ հիվանդություններից սատկած կենդանիների մոտ միկրոպլաստիկի պարունակությունը մի փոքր ավելի բարձր է եղել, քան վնասվածքներից սատկածների:





























