Հինգ երեխա մահացել է, երկու մարդ վիրավորվել ավտովթարում, որը տեղի է ունեցել շաբաթ Մերիլենդ նահանգում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով նահանգի ոստիկանության մամլո հաղորդագրությանը:

ՃՏՊ-ը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 05:00-ին Պրինս-Ջորջես շրջանում: Նախնական հետաքննությունը պարզել է, որ անչափահասներին տեղափոխող մինիվենը ճանապարհի երթեւեկելի հատվածից դուրս է եկել եւ, հայտնվելով մայթեզրին, բախվել ծառերին, որից հետո կողաշրջվել ձնածածկ դաշտում:

Մահացածները 5-15 տարեկան էին: Նրանք բոլորը դուրս էին շպրտվել ավտոմեքենայից: Հետաքննությունը գտնում է, որ դեպքի պահին երեխաների ամրագոտիները կապված չէին:

Ավտովթարի արդյունքում վիրավորվել են 32-ամյա վարորդն ու 23-ամյա ուղեւորը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի պատճառները դեռեւս պարզ չեն: