Հնդկաստանը բողոքի նոտա է ներկայացրել ԱՄՆ-ին, երբ 129 հնդկացի ուսանողներ ձերբակալվել են կեղծ համալսարանում գրանցվելու համար, հաղորդում է BBC News-ը:

Ֆարմինգտոնի համալսարանը, որն, ըստ գովազդի, տեղակայված էր Միչիգան նահանգում, «բացվել էր» ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարության գործակալների կողմից անօրինական միգրանտներին հայտնաբերելու նպատակով:

ԱՄՆ-ի դատախազությունը հայտարարել է, որ համալսարանում կրթություն ստանալու համար  գրանցված անձինք տեղյակ էին, որ համալսարանի գործունեությունն անօրինական է:

Այդուհանդերձ, Հնդկաստանի իշխանությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ ուսանողներին մոլորեցրել են:

Շաբաթ Հնդկաստանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է ներկայացրել Դելիում ԱՄՆ-ի դեսպանատուն՝ հայտնելով իր անհանգստությունը եւ պահանջելով տրամադրել հյուպատոսական մուտք ձերբակալվածների մոտ: