Կուբանի Իլսկայա ավանում հանցագործը սպանել է երկու թոշակառու միասեռականներին: Կասկածյալը խոստովանական ցուցմունք է տվել. հետաքննությունը նշում է «հոմոֆոբիան» որպես սպանության մոտիվ, գրում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով «Նովայա գազետա»-ին:
Սպանված 70-ամյա Վլադիմիր Դուբենցովի եւ 64-ամյա Նիկոլայ Գալդինի մարմինները հայտնաբերվել են հունվարի 10-ի երեկոյան: Ըստ պարբերականի տվյալների՝ տղամարդիկ հալածանքների էին ենթարկվում հարեւանների, կազակների եւ ավանի մյուս բնակիչների կողմից: Հարեւաններից մեկն արտահայտել է իր հույզերն սպանության վերաբերյալ հետեւյալ կերպ. «Բոլորը շատ տխրել են, երբ նրանց սպանել են: Այնքան ենք տխրել, որ չգիտենք՝ ուրախությունից ուր կորչել»:
Ենթադրյալ մարդասպանի անունն է Ալեքսանդր Ֆետ-Օղլու. նա ձերբակալված է, նրան մեղադրանք է առաջադրվել: 23-ամյա Ֆետ-Օղլուն, ըստ ոստիկանության տվյալների, ուներ դատվածություն բնակարանային կողոպուտի պատճառով եւ հասարակական աշխատանք էր կատարում ավանում:
Ձերբակալվածը խոստովանական ցուցմունք է տվել: Ըստ նրա՝ նա խմել էր թոշակառուների հետ, այնուհետեւ նրանք սկսել էին սիրախաղ անել իր հետ, որը եւ դարձել էր սպանության պատճառը:





























