Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գաղտնի պայմաններում պատրաստվում է հանրաքվե անցկացնել «դեղին բաճկոնավորների» առաջադրած մի շարք հարցերի վերաբերյալ, հաղորդում է Կոմմերսանտ-ը՝ հղում կատարելով Le Journal du Dimanche-ին: Քվեարկությունը կարող է տեղի ունենալ մայիսի 26-ին՝ Եվրամության խորհրդարանի ընտրությունների հետ նույն օրը:
Ըստ պարբերականի տեղեկատվության՝ Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունն արդեն քննարկում է տպարանների եւ թղթի մատակարարների հետ հնարավոր մրցույթը ծրարների ու քվեաթերթիկների տպագրության համար: Ընդ որում՝ նշվում է,որ իշխանությունները ցանկանում են դա կազմակերպել «սեղմ ժամկետներում՝ մեկ շաբաթից պակաս»:
Ըստ պետական բանկի վիճակագրության՝ «դեղին բաճկոնավորների» շարժումը Ֆրանսիայի տնտեսությանը 4,4 մլրդ եվրոյի վնաս է հասցրել, իսկ 43 հազար մարդ ժամանակավորապես զրկվել են աշխատանքից: Շարժման ամբողջ մեկ ու կես ամիսների ընթացքում զոհվել է 10 մարդ, 1500 ցուցարարներ վիրավորվել են, որոնցից 50-ը ստացել են ծանր վնասվածքներ: Հունվարին նախագահ Մակրոնը հանդիպել էր քաղաքապետերի հետ եւ խոստացել խորհրդակցությունների արդյունքում «իրական լուծումներ գտնել»: Մինչ մարտի 15-ը նա պետք է անցկացնի շրջաններում ոչ պակաս, քան տասը այդպիսի հանդիպումներ:





























