Ամբողջ Եվրամիությունը եւ, մասնավորապես, Իսպանիան Վենեսուելայում ճգնաժամի լուծման ռազմական միջամտությունը հնարավոր չեն համարում: Այս մասին հայտարարել է  Իսպանիայի արտգործնախարար Ժոզեպ Բորելը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեզ՝ ԵՄ-ի եւ մասնավորապես, Իսպանիայի համար, ռազմական ներխուժումը բացառված է, մենք ոչ մի դեպքում չէինք աջակցի դրան», -Բրյուսելում, որտեղ ընթանում են ԵՄ-ի եւ Արաբական պետությունների լիգայի խորհրդակցությունները, լրագրողներին ասել է Բորելը:

Իսպանիան Վենեսուելայի Ազգային ասամբլեայի նախագահ Խուան Գուայդոյին երկրի ժամանակավոր նախագահ է ճանաչել այն նպատակով, որպեսզի վերջինս նոր նախագահական ընտրությունների անցկացման մասին հայտարարի:

Նման հայտարարությամբ հանդես է եկել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը: Գուայդոյին ճանաչած ԵՄ երկների թվին են միացել  Էստոնիան եւ Չեխիան: