«Եվրանեսթ»-ի նստաշրջանում Հայաստանի պատվիրակությունը բարձրացրել է ադրբեջանական դպրոցներում հակահայկական քարոզչության հարցը: Փետրվարի 5-ին ասուլիսի ժամանակ, Բրյուսել կատարած այցի արդյունքներն ամփոփելով, այս մասին ասաց այս կառույցում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ակտիվ դիրքորոշում ունենա այնպիսի կարեւոր միջազգային հարթակում, ինչպիսին  Արեւելյան գործընկերության երկրների «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովն է:

Հայրապետյանը նշեց, որ խոսքն առաջին հերթին կոնկրետ ծրագրերի եւ ստուգված գործողությունների միջոցով Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը դիմակայելն է:

«Սակայն միեւնույն ժամանակ հարեւան երկրի հասցեին մեր քննադատությունը չպետք է ինքնանպատակ լինի: Այդ քննադատությունը կառուցողական բնույթ պետք է կրի: Այս դիրքորոշումը դրական արձագանքի արժանացավ մեր եվրոպացի գործընկերների շրջանում», - հավաստիացրեց Հայրապետյանը: