Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ նամակ է ստացել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյից, ով խնդրել է օգնել վերսկսել ընդդիմության հետ բանակցությունները, որպեսզի վերջ դրվի երկրում քաղաքական ճգնաժամին։ Սակայն Պապը բացառել է միջնորդության հնարավորությունը, եթե ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն չխնդրի այդ մասին՝ հայտնում է AP-ն։

Հռոմի պապն ասել է, թե չի կարդացել Մադուրոյի նամակը, որը եկել է դիվանագիտական փոստով։ Նրա խոսքերով, Մադուրոյի եւ ընդդիմության միջեւ բանակցություններին նպաստելու Վատիկանի նախորդ դիվանագիտական ջանքերը «չեն հաջողվել»։

Նա նշել է, որ ցանկացած ճգնաժամի դեպքում անհրաժեշտ է, որ կողմերը համատեղ խնդրեն արտաքին օգնություն բանակցություններում։ «Ես կկարդամ նամակը, կնայեմ, թե ինչ կարելի է անել։ Սակայն նախապայմանն այն է, որ երկու կողմերը խնդրեն այդ մասին»,- ասել է Պապը։