Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 6-ի նիստում որոշում կայացրել Կատարի Պետությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության դեսպանություն (նստավայրը` Դոհա):

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նկատի ունենալով Կատարի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները, այդ երկրի բարձր կենսամակարդակն ու ներդրումային հնարավորությունները, վերջին շրջանում Հայաստանի եւ Կատարի միջեւ աճ արձանագրող առեւտրաշրջանառությունը, ինչպես նաեւ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակը, երկու երկրների միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն հայտագրերի փոխանակմամբ Կատարի Պետությունում (նստավայրը՝ Դոհա) բացել Հայաստանի Հանրապետության դեսպանություն:

Կատարական կողմը նաեւ պատրաստակամություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կողմից դեսպանություն բացելու դեպքում պատասխանել փոխադարձության սկզբունքով եւ Երեւանում բացել Կատարի Պետության դեսպանություն:

Կատարական կողմը պատրաստ է տրամադրել տարեկան 400.000 կատարական ռեալ (մոտ 110.000 ԱՄՆ դոլար)՝ երեք տարի տեւողությամբ, ՀՀ դեսպանության համար տարածք եւ դեսպանի համար կեցավայր, երկու ավտոմեքենա:

Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության պահպանման ծախսը կազմում է 192.584 ԱՄՆ դոլար, որից 110.000 ԱՄՆ դոլարը առաջիկա 3 տարիներին կվճարի կատարական կողմը, իսկ 82.584 դոլարը կֆինասնավորվի ՀՀ բյուջեից, որով կվճարվեն դեսպանի եւ մեկ դիվանագետի աշխատավարձը, դիվանագիտական ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցումները, ինչպես նաեւ դիվանագետի բնակարանի վարձը:

Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում աշխուժացնել Հայաստան-Կատար բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ առկա առեւտրատնտեսական կապերը: