Հայաստանը դեմոկրատական երկիր է, եւ ընդհանուր առմամբ աշխարհի լրագրողներն են հանդիսանում դեմոկրատիայի առաջին խորհրդանիշը։ Այս մասին փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Իտալիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն։

Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Իտալիայի միջեւ հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ներառելով տարբեր ուղղություններ եւ ոլորտներ։ «Քաղաքական տեսակետից ես կարող եմ ասել, որ մեր հարաբերություններն սկսել են ընդլայնվել, մանավանդ 2018թ. հետո, երբ կազմակերպվեցին պաշտոնական այցելություններ երկու կողմերի միջեւ»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ այդ նույն ժամանակ էլ պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Իտալիայի Հանրապետության նախագահը։ Դիվանագետի կարծիքով՝  դա պատմական այց էր, որի արդյունքները հստակ են եւ որոշակի։