ՆԱՏՕ-ի անդամները ստորագրել են Մակեդոնիայի հետ արձանագրությունը, որը երկրին թույլ է տալիս Դաշինքի 30-րդ անդամը դառնալ այն բանից հետո, երբ Հունաստանի հետ համաձայնագրով դադարել է երկրի անվան շուրջ 27-ամյա վեճը, փոխանցում է Reuters-ը:

ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին արձանագրության պաշտոնական ստորագրման ժամանակ, որը հիմա պետք է վավերացնեն դաշնակից երկրների կառավարությունները, Մակեդոնիայի ԱԳ նախարար Նիկոլա Դիմիտրովը ողջունել է այն փաստը, որ հիմա երկիրը, Դաշինքին անդամակցելով, «երբեք մենակ չի լինի»: «Մենք կանգնած ենք 29 դաշնակիցների շարքում, որոնք ունակ են եւ կարող են պարտավորություններ ստանձնել, որ բխում են ՆԱՏՕ-ին մեր լիարժեք անդամակցությունից»,- հայտարարել է Դիմիտրովը ՆԱՏՕ-ի դեսպանների կողմից արձանագրությունը ստորագրելուց հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Վավերացման գործընթացը սովորաբար մոտ մեկ տարի է տեւում, եւ Միացյալ Նահանգները հայտարարել է, թե ակնկալում է, որ Մակեդոնիան, որը ըստ Հունաստանի հետ համաձայնագրի պայմանների՝ հիմա պաշտոնապես հայտնի է որպես Հյուսիսային Մակեդոնիա, 2020 թվականին պաշտոնապես կմտնի Դաշինքի մեջ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ նոր անդամի ընդունումն ընդգծել է, որ բոլոր եվրոպական երկրները, որոնք համապատասխանում են անդամակցության չափանիշներին, կարող են միանալ Դաշինքին: «Սա ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում այն երկրների համար, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի ստանդարտներին, եւ որոնք հետեւում են ժողովրդավարության արժեքներին, օրենքի գերակայությանը եւ անհատի ազատությանը»,- ասել է Ստոլտենբերգը: