Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները ԵԽԽՎ-ում «Ազատ դեմոկրատներ» անվանումով խմբակցություն են ստեղծել։
Այս մասին ՀՀ Ազգային ժողովում փետրվարի 6-ին կայացած մամուլի ասուլիսում ասաց ԵԽԽՎ հայկական խորհրդարանական պատվիրակության անդամ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Նրա խոսքերով, Հայաստանին անհրաժեշտ է դրա գործունեությունը հաղթահարել ինստիտուցիոնալ փոփոխությունների միջոցով։ Վարդանյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակում է ԵԽԽՎ-ն օգտագործել որպես հարմար հարթակ՝ այլ երկրներից որոշ անբարեխիղճ պատգամավորների հետ անձնական պայմանավորվածությունների համար։
«Ինստիտուցիոնալ խնդիրն այն է, որ վերջին ժամանակներս ձեւավորվել է, այսպես կոչված, «Ազատ դեմոկրատներ» խմբակցությունը, որի 95 տոկոսը կազմում են Ադրբեջանից եւ Թուրքիայից պատգամավորները»,- պարզաբանեց Վարդանյանը՝ հավելելով, որ այնտեղ այլ երկրների ընդամենը մի քանի ներկայացուցիչ կա, եւ այն էլ՝ մի քանի երկրների ներկայացուցիչների առկայության անհրաժեշտության ԵԽԽՎ պահանջները բավարարելու համար։ Սրա շնորհիվ, ինչպես նշեց պատգամավորը, Ադրբեջանն, օրինակ, ելույթների համար լրացուցիչ հնարավորություն է ստանում։
«Հավանաբար, մեր ակտիվ գործունեության շրջանակներում, անհրաժեշտ է ինստիտուցիոնալ եւ իրավական փոփոխությունների օգնությամբ ապագայում հասնել նման խմբերի ստեղծմանն այն երկրների կողմից, որոնք ելնում են միայն սեփական շահերից»,- հայտարարեց հայկական պատվիրակության անդամը։ Ընդ որում, նրա խոսքերով, ԵԽԽվ-ում մյուս խմբերը ներկայացնում են քաղաքական գաղափարախոսություն՝ պահպանողականություն, ազատականություն եւ այլն։ Սակայն «Ազատ դեմոկրատները», ինչպես նշեց պատգամավորը, ներկայացնում են Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ շահերը։ Նշենք, որ հունվարի 25-28-ը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը Ստրասբուրգում մասնակցել է կազմակերպության ձմեռային նստաշրջանին։





























