Թերթը գրում է, որ օրերս արվեստաբան Շահեն Խաչատրյանի միջոցով հայտնի է դարձել, թե Մոսկվայում գեղարվեստական գործերի «Գելոս» աճուրդատանը փետրվարի 26-ին վաճառքի է դրվելու Հովհաննես Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերին» (1875 թ., կտավ յուղաներկ, 73x102 սմ) հրաշալի նկարը, որը 1990-ին անհայտ պայմաններում գողացվել էր Հայկական մշակութային կապերի ընկերության (ԱՕԿՍ) դահլիճից:

Արվեստաբանը նախքան Մոսկվա մեկնելը է թերթին պատմել է, որ 21 տարի առաջ գողացված այդ նկարը Երեւան էր եկել 1957-ին ֆրանսահայ հայտնի նկարահավաք Աբրահամ Ջինջյանի նվիրաբերած Այվազովսկու այլ նկարների հետ միասին, եւ ուղարկվել էր Ֆրանսահայ երիտասարդաց միության (ԺԱՖ) կողմից որպես նվեր ԱՕԿՍ-ին: Իսկ վերադառնալուց հետո Շահեն Պետրոսյանն ասել է. «Մեր մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շատ նուրբ մոտեցում ցուցաբերեց: Նախ, ինչպես իմացա, կապվեց Մոսկվայի քննչական վարչության նախագահ Վ. Պետրակովին եւ շտապ որոշեց ինձ էլ ուղարկել:

Արդեն Մոսկվա էին հասել մեր կենտրոնական քննչական վարչության աշխատակիցներ Գայանե Երիցյանը (նույն գծով Մոսկվայում մասնագիտացած) եւ ղեկավար Գեւորգ Ազիզյանը: Նրանց մոտ էին պահանջվող գրանցումները ու համապատասխան ակտերը գողության մասին: Համոզիչ բացատրություններ տրվեցինՙ ներկայացնելով նաեւ դանակով կտրված եւ գողացված կտավից մնացած շրջանակի լուսանկարները: Ինքս էլ տարել էի Այվազովսկուն նվիրված 5 գրքերս եւ ցույց տվի գողության մասին արածս բոլոր նշումները: Տեսանք նաեւ նկարը եւ մանրամասն բացատրեցի, թե ինչ կերպ է նկարը վերականգնվել եւ փակցվել նոր կտավի վրա, չափերն էլ փոքրացել` դարձել էին 70x100 սմ:

Երեկոյան հանդիպում տեղի ունեցավ Պետրակովի հետ եւ ուրախությամբ լսեցինք. «Մոլոդեց ձեր մշակույթի նախարարը, մի քանի շաբաթ հետո Այվազովսկու նկարը կուղարկենք Երեւան»,- պատմել է Շահեն Պետրոսյանը:

«Ազգ»-ը նշում է, որ միջազգային աճուրդային տներում վերջին տարիներին Այվազովսկու նկարները գնահատվել եւ վաճառվել են 1-2,8 մլն ԱՄՆ դոլարով: