Թուրքական Taraf-ին հարցազրույց տված Լիբիայում Թուրքիայի նախկին դեսպանի հայտարարությունը, թե Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆին սիրահարված է եղել Թուրքիայի այն ժամանակավա կին վարչապետ Թանսու Չիլերին մեծ արձագանք է գտել թե Թուրքիայում, թե նրա սահմաններից դուրս։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  մամուլում օրվա հերոսը՝ Թանսու Չիլերը հերքել է Քադաֆիից նվեր ստանալու մասին թուրքական մամուլում հայտնված տեղեկությունները՝ շեշտելով, որ այդ ամենը իրականության հետ որեւէ կապ չունի։

Նշենք, որ թուրքական Taraf-ի թղթակցի հետ զրույցում նախկին թուրք դեսպանը ասել էր, թե Քադաֆին հիացած էր Թանսու Չիլերով՝ նրան համարելով մահմեդական կնոջ խորհրդանիշ։ «Չիլերը շիկահեր է, քաղաքակիրթ, խելացի, խոսում է անգլերեն եւ պրոֆեսոր է, որը մահմեդական կնոջ խորհրդանիշն էր համարում Քադաֆին»,-նշել էր նախկին դեսպանը։

«Իմ միջնորդությամբ 1994-ի նոյեմբերի 2-ին Չիլերը եկավ Լիբիա։ Քադաֆին սիրահարված էր Չիլերին, իսկ Չիլերն, իհարկե, գիտեր այդ մասին։ Կադաֆին նվերներ էր տալիս...»,-շեշտել էր Լիբիայում Թուրքիայի նախկին դեսպանը։

Թանսու Չիլերը  1993-1995-ին եղել է Թուրքիայի վարչապետ։