Թուրքիայի վարչապետ Էրդողանը Գերմանիայում բնակվող իր հայրենակիցներին կոչ է արել ինտեգրվել այդ հասարակությանը, սակայն խուսափել միաձուլումից։ Ինչպես հայտնել է The Local-ը, այս հայտարարությունը նա արել է Դյուսելդորֆի թուրքական համայնքի հազարավոր ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Թուրքիայի առաջնորդի խոսքով, գերմանացի թուրքերը չպետք է մոռանան իրենց ծագման մասին։ Բացի այդ, գրում է The Guardian-ը, Էրդողանը Գերմանիայում բնակվող իր հայրենակիցներին կոչ է արել իրենց երեխաներին սովորեցնել թուրքերեն, հետո միայն գերմաներեն, հայտնում է Lenta.ru-ն։
Իր ելույթում Էրդողանն անդրադարձել է թուրքերի եւ այլ մահմեդականների հանդեպ գերմանական հանրության վերաբերմունքին։ Նրա խոսքով, Գերմանիայում եւ եվրոպական մի շարք երկրներում քսենոֆոբիա եւ իսլամաֆոբիա կա։ Զարգացնելով արտասահմանում բնակվող թուրքերի պաշտպանվածության թեման՝ Էրդողանը խոստացել է, որ այն թուրքերի համար, ովքեր որոշել են ի օգուտ Գերմանիայի քաղաքացիության հրաժարվել թուրքականից, այսպես կոչված «կապույտ քարտեր» թողարկել։ Դրանք կոչված կլինեն դառնալ թուրքական անձնագրերի համարժեքը։ Պաշտոնապես երկքաղաքացիությունն արգելված է։ Ինչպես գրում է Todays Zaman-ը, Էրդողանը Գերմանիայում բնակվող թուրքերին կոչ է արել արդեն այսօր վերադառնալ հայրենիք:
Թուրքիայի վարչապետի հայտարարությունները դժգոհություն են առաջացրել Բեռլինում։ Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն, մեկնաբանելով Էրդողանի ելույթը, թուրքական համայնքին կոչ է արել ամեն դեպքում առաջինը սովորել գերմաներեն, ոչ թե թուրքերեն։





























