Վանաձորում երեկ ահասարսուռ դեպք է տեղի ունեցել: Բազմաբնակարան շենքի 5-րդ հարկում բռնկված հրդեհի պատճառով մահացել է երկու մանկահասակ երեխա: Ժամը 15:00-ի սահմաններում Վանաձորի Չերկասի 2-րդ շենքի 5-րդ հարկի թիվ 13 բնակարանում հրդեհ է բռնկվել, որն առաջինը նկատել են հարեւանները: Ողջ շքամուտքը պատվել է ծխով, սակայն այդ պահին բնակարանում տան մեծերից ոչ ոք չի եղել. հրդեհի ժամանակ 2 եւ 4 տարեկան քույրն ու եղբայրը` Ալեքս եւ Անահիտ Քարադանյանները, փակված են եղել տանը: Հարեւանները զանգահարել են հրշեջ կայան, ապա շտապօգնություն եւ տանտերերին: Հրշեջ փրկարար ջոկատի հետ մեկտեղ եկել են նաեւ ծնողները, սակայն երեխաներն արդեն մահացած են եղել:

«Հրապարակի» թղթակցին տան հարեւանները պատմել են, որ երեխաների մահվան հարցում մեղավոր են ծնողները` իրենց անուշադրության եւ անփութության պատճառով:

Լոռու մարզի քննչական բաժնում դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 232 հոդվածի երկրորդ մասին հատկանիշներով (հրդեհային անվտանգության կանոնների խախտում):