«Առավոտ» թերթն անդրադարձել է  Էջմիածնի 2-րդ ավագ դպրոցի եւ նրա տնօրեն Սուսաննա Նազարյանի շուրջ զարգացումներին: Ըստ դպրոցի աշակերտների եւ նրանց ծնողների, տնօրենը հայհոյում եւ ծեծում է աշակերտներին, բարձր դասարանցիներից հեղինակություններ, ծեծողներ եւ նայողներ է պատրաստում: Տնօրենը հերքում է այս մեղադրանքները:

Թեեւ կրթության եւ գիտության նախարարը խիստ նկատողություն է հայտարարել Սուսաննա Նազարյանին, իսկ Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ոստիկանությունը քրեական գործ է հարուցել տնօրենի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելու փաստի առթիվ, սակայն նա շարունակում է պաշտոնավարել: «Սուսաննա Նազարյանը ոչ միայն մեղա չի գալիս, դեռ հայտարարում է, որ իր դեմ խաղ չկա, որ ինքը շարունակելու է մնալ եւ պաշտոնավարել դպրոցում»,-նկատում է թերթը եւ հավելում. «Սուսաննա Նազարյանի նկատմամբ ոստիկանության Էջմիածնի քննչական բաժնում հարուցված քրեական գործը դեռ նախաքննության փուլում է, դպրոցի հանրապետական տնօրենն էլ անգործ նստած չէ` մոբիլիզացրել է գործընկերներին` մարզի դպրոցների տնօրեններին: Նրանցից ստորագրություններ է հավաքում` կուսակցության տարածքային կազմակերպություն ներկայացնելու եւ իր «անմեղությունն» ապացուցելու համար: Ստորագրահավաքը մեկնարկել է օրեր առաջ` Էջմիածնի ռեստորաններից մեկում»: