Կորեական Genesis պրեմիում-ապրանքանիշը, որ ներառված է Hyundai Motor Group-ում, թարմացրել է իր ամենաշքեղ ավտոմեքենան՝ երկարավուն G90L «լիմուզինը»՝ ստեղծված ներկայացուցչական G90 սեդանի հիման վրա։ Բազային մոդելի նորացված տարբերակն անցյալ աշնանը ներկայացվել է Կորեայում՝ հայտնում է Motor-ը։

Թեեւ կորեացիները Genesis G90L-ին «լիմուզին» են անվանում, ճիշտն ասած՝ այն լիմուզին չէ։ VIP-ուղեւորների տեղերը միջնապատով առանձնացված չեն վարորդից։ Այնպես որ, ավելի լավ է ավտոմեքենան անվանել սթրեթչ-սեդան։

Նոր արտաքինը ստեղծվել է «ատլետիկ էլեգանտության» ոգով, ինչպես անվանում են Genesis-ի ֆիրմային դիզայնի ոճը։ Ամենաբնորոշ գծերն են՝ հերալդիկ վահանի տեսքով ռադիատորի ցանցը, քառամաս LED-լուսարձակները եւ թափքի հետնամասի ողջ լայնությամբ լապտերները։