Բիոտեխնոլոգիաների ամերիկյան արտադրող Thermo Fisher ընկերությունը հայտարարել է, որ կդադարի Չինաստանին սարքավորումներ վաճառել, որոնք օգտագործվում են երկրի ույղուր փոքրամասնության ԴՆԹ տվյալների բազայի ստեղծման համար:

2016 թվականից պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ Չինաստանի իշխանությունները Սինցզյան տարածաշրջանում արյան նմուշներ են վերցնում, հաղորդում  է AFP-ն:

Սինցզյանում ապրում է Չինաստանի ույղուր էթնիկ փոքրամասնության մեծ մասը:

The New York Times-ի տվյալներով՝ Չինաստանի պաշտոնական անձինք առողջության ստուգման անվճար ծրագրի շրջանակում արյան անալիզներ են անցկացրել: Չինաստանի պետական տեղեկատվական գործակալության տվյալներով, դրան մասնակցել է մոտ 36 մլն մարդ՝ ավելին, քան միայն ույղուր բնակչությունը:

«Որպես գիտության բնագավառի համաշխարհային առաջատար մենք գիտակցում ենք կարեւորությունը, թե ինչպես են մեր արտադրանքը եւ ծառայություններն օգտագործվում մեր հաճախորդների կողմից», - AFP-ին ասել է ընկերության ներկայացուցիչը:

Thermo Fisher-ը գիտական սարքավորումների արտադրության խոշորագույն ընկերություն է, որի եկամուտները հասնում են 24.3 մլրդ դոլարի: