Մոսկվայի օկրուգային զինվորական դատարանը ԱԴԾ տեղեկատվական անվտանգության կենտրոնի նախկին պետ, գնդապետ Սերգեյ Միխայլովին եւ «Կասպերսկու լաբորատորիայի» նախկին թոփ-մենեջեր, Մոսկվայի Ներքին գործերի գլխավոր վարչության հատուկ տեխնիկական միջոցառումների նախկին օպերատիվային աշխատակից Ռուսլան Ստոյանովին դատապարտել է 22 եւ 14 տարվա խիստ ռեժիմի բանտարկության՝ համապատասխանաբար։ Բացի այդ, Միխայլովը տուգանվել է 400 հազար ռուբլով, Ստոյանովը՝ 150 հազար։ Տուգանքը կփոխանցվի ԱԴԾ հաշվին, տեղեկացնում է ՌԲԿ-ն։
Միխայլովը զրկվել է նաեւ պահեստի գնդապետի կոչումից եւ «Զինվորական ծառայությունների համար» շքանշանից, «Հայրենիքի հանդեպ ունեցած վաստակի համար» 1-ին աստիճանի մեդալից եւ նույնի 2-րդ աստիճանի մեդալից, Ստոյանովը զրկվել է միլիցիայի մայորի կոչումից։
Միխայլովի եւ Ստոյանովի գործով դատավարությունն ընթացել է փակ ռեժիմով, նրանց քրեական գործը գաղտնիացված է։ Դատավորը երեքշաբթի՝ փետրվարի 26-ին հրապարակել է դատավճռի ներածական եւ ամփոփիչ մասերը։ Իրավապահ մարմինները եւ մեղադրյալների փաստաբանները հրապարակավ չեն բացահայտել եւ չեն մեկնաբանել գործի էությունը։
Խոսքը վերաբերում է ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոյին օպերատիվ-հետախուզական գործունեության վարման միջոցների եւ մեթոդների բացահայտմանը՝ Chronopay պրոցեսինգային ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Պավել Վրուբլյովսոկու գործով, ավելի վաղ գրել էր «Կոմերսանտը»։ Պարբերականի տվյալներով՝ Միխայլովը, նրա ստորադասները եւ Ստոյանովը այդ տեղեկության համար ստացել են 10 մլն դոլար։





























