Առողջապահության նախարարությունը մի շարք բժշկական կենտրոններում գնումների գործընթացում արտաքին միջամտություն նկատելու կապակցությամբ դիմում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Խնդիրը բժշկական մի շարք կենտրոններում գնումների գործընթացին միջամտությանն է վերաբերում: Հայաստանում մի քանի մատակարարներ կան այդ ոլորտում, որոնցից երկուսն աշխարհում որակի առումով լավագույն բրենդերն են, եւ նրանք են հիմնականում զբաղվել ապրանքների մատակարարմամբ: Այս պահին դիալիզ ստացող 8000 պացիենտ ունենք: Մեր խնդիրն է ապահովել այդ բոլոր պացիենտների անվտանգությունն այդ պրոցեդուրան անցնելիս: Մենք պետք է վստահ լինենք, որ դրանք ոչնչով չեն տարբերվում օրիգինալից», - ասել է Թորոսյանը:
Արսեն Թորոսյանը հաստատել է նաեւ, որ նշված ընկերություններից մեկն էլ «Ֆրեզեն» ընկերությունն է, որ տնօրեն Հրանտ Պիվազյանը, հիշեցնենք, բարձրաձայնել էր մրցույթի գործընթացում չարաշահումների մասին՝ հայտարարելով, որ Պետական վերահսկողական ծառայությունը փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը և խլել իրենց «բիզնեսը»:
Ավելի վաղ Analitik.am- հայտնել էր, որ նախօրեին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի՝ այդ թվում ՀՀ ՊՎԾ-ի երկու վարչությունների պետեր Ադյան եղբայրներին։ Նրանք, ըստ մամուլի տեղեկությունների, մտերիմ հարաբերություններ ունեն «Ֆրեզեն» ընկերությանը մրցույթում հաղթած «Զորաշեն» ընկերության սեփականատերերի հետ։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել, իսկ Դավիթ Ադյանն այսօր ինքը հերքել է իրեն ձերբակալելու լուրը։





























