Ավստրիան շահագրգռված է բարեկամական Հայաստանի հետ հարաբերությունների առավել խորացման եւ ամրապնդման մեջ: Այս մասին հայտարարել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը, Վիեննայի իր նստավայրում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը Ավստրիայի նախագահին է հանձնել Սերժ Սարգսյանի ուղերձը եւ Երեւան այցելելու հրավերը: Նախագահ Ֆիշերը շնորհակալությամբ ընդունելով հրավերն՝ ասել է, որ սիրով կայցելի Հայաստան:

Նալբանդյանն ընդգծել է, որ վերջին շրջանում երկու երկրների միջեւ հաստատված բարձր մակարդակի կանոնավոր քաղաքական երկխոսությունը, փոխգործակցությունը ԵՄ ծրագրերի եւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, զարգացող տնտեսական կապերը, մշակութային փոխանակումների ակտիվացումը արդեն կարեւոր ձեռքբերում է, որի վրա հիմնվելով հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել տարբեր բնագավառներում համագործակցությունը առավել ամրապնդելու եւ ընդլայնելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային հարաբերությունների օրակարգային մի շարք խնդիրների շուրջ: