Գործադիրն այսօր ընդունեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրած ««Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության նախագծի մասին որոշումը։

Նախաձեռնության հեղինակն Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանն է։ «Խոսքը վերաբերում է խաղային բնագավառի կարգավորումների, ըստ էության, սահմանափակումների ավելացմանը, ինչը հնարավորություն կտա միջավայրը դարձնել այնպիսին, որ մոլախաղերով հրապուրվելը դառնա շատ ավելի դժվար: Ակնկալիքն այդպիսին է»,-ասաց նախարարը։

Նրա խոսքով, ներկայումս կարգավորումները թույլ են տալիս տոտալիզատորների եւ ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղեր կազմակերպել ողջ հանրապետության տարածքում. «առաջարկվող սահմանափակումների համաձայն, կկարողանան դա կազմակերպել միայն 4 քաղաքներում, որտեղ կարելի է կազմակերպել խաղատներ»:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ, ըստ առաջարկվող փոփոխության՝ տարիքի ստուգումից հետո միայն թույլ կտրվի մուտք գործել ու մասնակցել վիճակախաղերին եւ եթե մոլախաղերով տարված լինելու հիմքով կան նաեւ դատական գործի արդյունքում կայացված վճիռներ, ապա այդ անձանց մուտքը նույնպես կսահմանափակվի խաղային տարածքներ:

«Հնարավորություն է տրվում խաղային բնագավառի գործունեության կազմակերպչին կազմակերպել նաեւ հարակից ծառայություններ՝ ինտերնետ սպասարկում, աշխատակիցների ու տոմսերի վաճառքի կենտրոնում հարմարավետությունն ապահովելու համար հանրային սննդի գործունեության կազմակերպում»,-ասաց նախարարը: