Հեմոդիալիզի սարքավորումներ ներկրող «Ֆրեզեն» ընկերությունը մինչև հեմոդիալիզի սարքավորումների գնման գործընթացում առաջացած խնդիրների կարգավորումը կշարունակի ապրանքներ մատակարարել բժշկական հաստատություններին։
Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Ֆրեզեն» ՍՊԸ–ի տնօրեն Հրանտ Պիվազյանը։
Նա նշեց, որ այս ընթացքում բժշկական հաստատությունները ապրանք մատակարելու հարցով դիմել են իրեն.
«Սա այն բնագավառն է, որը, այսպես ասած, մարդկանց համար օդ է, նրանց համար այդ սարքավորումները պետք է ապահովվեն՝ անկախ ամեն ինչից։ Հիմա այս գործընթացը ձգձգվում է՝ կապված նաև գնումների կայքի խափանման, բողոքարկումների և այլնի հետ։ Բայց ինձ դիմել են, և ես պարտավորվել եմ մատակարարել այդ ապրանքը»,– ասաց նա։
Անդրադառնալով հեմոդիալիզի սարքավորումների գնումների գործընթացին ապօրինի միջամտելու եւ օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ–ում հարուցված քրեական գործին՝ Պիվազյանը հայտարարեց.
«Այն, որ գնումների գործընթացում միջամտություն է տեղի ունեցել, ոչ միայն ես եմ հաստատում, այլև բժշկական հաստատությունների տնօրենները։ Նախաքննությունն ամեն ինչ կպարզի»։
Պիվազյանը չհամաձայնեց ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի այն պնդման հետ, որ հեմոդիալիզի ոլորտը մրցակցային չի եղել.
«Ասում են՝ 8-9 կազմակերպություն նոր կազմակերպություն մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել. ուսումնասիրեք, տեսեք, թե ու՞ր էին այդ ընկերությունները վեց ամիս կամ մեկ տարի առաջ, արդյոք այդ ընկերությունները մասնագիտացա՞ծ են դիալիզի ոլորում, արդյոք մեկ–երկու ամիս առաջ ներմուծե՞լ են դիալիզի պարագաներ։ Կամ եթե ժամանակին չեն թողել այդ ընկերություններին մասնակցել հեմոդիալիզի մրցույթին, այդ կապակցությամբ գեթ մեկ հայտարություն ներկայացրե՞լ են գնումների գործակալությունում կամ ֆինանսների նախարարություն»,–ասաց նա և հավալեց.
««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ընկերությանը բժշկական սարքավորումներ մատակարարելու մրցույթին 8 ընկերություն մասնակցել է կատետրով ու ասեղով։ Կատետր ներմուծելը դեռ չի նշանակում, որ դիալիզ կարող են անել, ասեղ, կատետրով դիալիզ չեն անում»։
Պիվազյանը նկատեց, որ եթե անգամ այդ ընկերություններին չի հաջողվել մուտք գործել պետական գնումների շուկա, ինչու՞ չեն դիմել մասնավոր բժշկական կենտրոններին։
«Թող դիմեին, ասեին՝ մենք լավ ապրանք ենք բերում Հայաստան, բայց այստեղ խտրականություն կա, հարցրեք՝ գեթ մեկ անգամ դիմած կա՞ն այդ մարդիկ։ Օրինակ, եթե ես ապրանք բերեմ և չկարողանամ մասնակցել պետական տենդերին, կդիմեմ այլ բժշկական հաստատություններին»,– նշեց նա։
Ընկերության տնօրենի խոսքով՝ Պետական վերահսկողական ծառայությունը դեռևս չի ավարտել իրենց ընկերությունում սկսած ուսումնասիրությունները։
«Ուսումնասիրություններ են կատարվում մեր ընկերությունում, ընկել են աշխարհի ամենալավ ապրանք ներկրող ընկերության հետևից։ Թող շնորհակալ լինեն, որ աշխարհի լավագույն ապրանքն ենք բերում Հայաստան՝ 10 անգամ ավելի էժան, քան մյուս երկրներում է։ Մենք այն ապրանքն ենք բերում, որը օգտագործվում է Նյու Յորքի և Համբուրգի լավագույն կլինիկաներում։ Դրա փոխարեն, թող գնան, տեսնեն, թե շուկայում որքան աղբ կա, թող ընկնեն դրանց հետևից, ոչ թե մեր ֆիրմայի»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հրանտ Պիվազյանն ահազանգել էր առողջապահության նախարարության եւ մի շարք բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ հեմոդիալիզի սարքավորումների գնման գործընթացում տեղ գտած խախտումների և միջամտության մասին։ Միջամտությունը, ըստ նրա, կատարվել է Դավիթ Սանասարյանի ղեկավարած գերատեսչության աշխատակիցների կողմից։
Իսկ երեկ արդեն ԱԱԾ—ն պաշտոնապես հաստատեց, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերեւույթ ապօրինի միջամտելու եւ օրինական ձեռնարկատիրական գործունեության համար խոչընդոտներ ստեղծելու դեպքերի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։
Գործի շրջանակներում 2019 թ. փետրվարի 27-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանին և նրա ղեկավարած վարչության աշխատակից Գևորգ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը)։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ «Զորաշեն» ՍՊԸ–ի ներակայացուցիչ Տարոն Ավետիսյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու եւ փաստաթղթեր կեղծելու համար։ Երեքի նկատմամբ էլ դատարանը, որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։





























