Ռիո դե Ժանեյրոյում սկսվել է աշխարհում ամենահետաքրքիր միջոցառումներից մեկը՝ ամենամյա կառնավալը՝ հայտնում են լատինամերիկյան ԶԼՄ-ները։
The Rio Times թերթը գրում է, որ կառնավալի ժամանակ կուժեղացվեն անվտանգության միջոցառումները։ Մասնավորապես, կավելացվի քաղաքի փողոցներում պարեկություն անող ոստիկանների թիվը։ Իրավապահները մտադիր են առաջին անգամ փորձարկել դեմքերի եւ ավտոմեքենաների համարների ավտոմատ ճանաչման համակարգը։
Քաղաքի ռազմական ոստիկանության ներկայացուցիչ Մաուրո Ֆլիսն ասել է, թե իշխանությունները հուսով են, որ նման միջոցառումները թույլ կտան կրճատել գողությունների թիվը։
Պարային երթերին կմասնակցի մոտ 7 մլն մարդ։ Բրազիլական իշխանությունները ակնկալում են, որ կառնավալին 1,5 մլն զբոսաշրջիկ կմասնակցի։ Կառնավալը կտեւի մինչեւ երեքշաբթի։





























