Մեծ Բրիտանիայի ոստիկանության ղեկավարները դիմել են հասարակությանը՝ խնդրելով օգնել նրանց բացահայտել սպանությունները, որոնք կատարվում են սառը զենք կիրառելով, հաղորդում է Sky News-ը:
Ուեստ-Միդլենդս կենտրոնական կոմսության ոստիկանությունը եւ կոմիսար Դեւիդ Ջեյմսոնն անձամբ հայտարարել են, որ երկրում տիրում է արտակարգ դրություն այս շաբաթ Բիրմինհեմում դեռահասների սպանություններից հետո:
Նրանք համարում են, որ Լոնդոնում դեռահասների հնչեղ սպանություններն այսբերգի միայն գագաթն են, եւ հասարակության բոլոր շերտերին կոչ են արել պատասխանատվությամբ վերաբերվել այդ բռնությունը դադարեցնելու գործին:
Վիճակագրությունը սարսափազդու է. տարեսկզբից Լոնդոնում տեղի է ունեցել շուրջ 20 սպանություն, ընդ որում՝ դրանցից 6-ը կատարվել են ինն օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ նախօրեին մենք հայտնել էինք Անգլիայի մայրաքաղաքի արեւելքում գտնվող այգում 17-ամյա աղջկա սպանության լուրը:
Ավելի վաղ հաղորդել էինք նաեւ Մեծ Բրիտանիայի ամբողջ տարածքում կատարված միմյանց հաջորդող սպանությունների մասին սառը զենքի կիրառմամբ:





























