Սա ոչ թե խավարամոլություն է, այլ առաջադիմական պահպանողականություն․ ֆեյսբույքան ուղիղ եթերում ասել է Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով իր հիմնած՝ Արցախի պահպանողական կուսակցության գաղափարախոսությանը եւ նպատակներին։

«Ներկան չպետք է պայքարի անցյալի հետ, այլ պետք է սինթեզ արվի, լավը վերցնենք, խնդիրները շտկենք, որպեսզի ունենանք ավելի ամուր ապագա։ Այս ձեւով եմ ես տեսնում պահպանողականությունը»,- ասել է նա ։

Կուսակցությունը քաղաքական դաշտում հավակնում է կենտրոնամետ դիրքի՝ կողմնակից լինելով կառուցողական քննադատության․ «Արցախի պահպանողական կուսակցությունը լինելու է կենտրոնամետ։ Մենք ուզում ենք լինել կառուցողական, մենք ոչ արմատական ընդդիմություն ենք, ոչ էլ իշխանամետ ուժ ենք լինելու, մենք ուզում ենք զբաղեցնել մեր տեղը քաղաքական դաշտում եւ լինել կառուցողական ուժ։ Եթե մի որեւէ պետական կառույց ճիշտ քաղաքականությւոն է իրականացնում, պետք է սատարենք եւ օգնենք, եթե ճիշտ չի լինելու, ասենք, որ ճիշտ չէ»,- հայտարարել է Դավիթ Բաբայանը։