Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքում բողոքի ցույցերը գյուղի տարածքում գործող հէկ-ի դեմ դադարեցվել են, գյուղացիները սպասում են հէկ-ի ղեկավարության պատասխանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերին Գետաշենի համայնքապետ Տիգրան Մուրադյանը` նշելով, որ իրենք պահանջագիր են ներկայացրել հէկ-ին՝ գյուղին փոխհատուցում տալու վերաբերյալ։

«Պահանջագիրը ներկայացրել ենք՝ ելնելով նրանից, որ էն ժամանակ, որ հէկ-ի համար հող ենք տրամադրել, այն պայմանով, որ հէկ-ի տնօրնությունը պարտավորվում է գյուղի սոցիալաապես անապահով ընտանիքներին եւ դպրոցներին ցուցաբերել օգնություն։ Պահանջագիրը զուտ այդ արձանագրությունների հիման վրա է»,- ասաց գյուղապետը` նշելով, որ դեռ պատասխան չի ստացել:

Նա նշեց, որ հէկ-ը շահագործվում է արդեն 6 տարի, սակայն այս ընթացքում գյուղին որեւէ աջակցություն չի տրամադրել, այնինչ այլ գյուղերի տարածքներում գործող հէկ-երը փոխհատուցում են տրամադրում:

Նշենք, որ գյուղապետը այս հարցով դեռ նախորդ շաբաթ դիմել էր նաեւ Գեղարքունիքի մարզպետարան եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, սակայն դիմումները դեռեւս անպատասխան են:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ վերին գետաշենցիները օրեր շարունակ բողոքի ակցիաներ են իրականացրել հէկ-ի շահագործման դեմ, ակցիաներից մեկի ընթացքում էլ ներխուժել են հէկ-ի տարածք եւ ներկայացրել իրենց պահանջները: