ՀՀ իշխանություններն այսօր ներքաշվել են պետական կոռուպցիայի շատ հետաքրքիր մոդելի մեջ։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

Նա վստահ է՝ հակակոռուպցիոն պայքարով պետական կոռուպցիան է Հայաստանում խրախուսում. «Մենք ձերբակալում ենք տարբեր անհատների, որոնք պետության կողմից մեղադրվում են տնտեսական, ֆինանսական հանցագործությունների մեջ, նրանցից վերցնում ենք որոշակի գումար, լցնում ենք բյուջե եւ նրանց բաց ենք թողնում: Դա պետական կոռուպցիայի դասական օրինակ է։ Արդյունքում պետությունը դառնում է ամենակոռումպացված կառույցը»։

Քաղաքագետը շեշտում է՝ պետությունը մարդասիրության դրոշի ներքո ապօրինություն է քաջալերում. «Դա արվում է մի դրոշի տակ, որ մարդասեր իշխանությունն ու պետությունն ենք, բանտերը չենք լցնում: Դա մարդասիրություն չէ, դա ապօրինության քաջալերում է։ Որեւէ նորմալ երկրի համար դա ընդունելի չէ։ Պետք է լինի պատասխանատվության ինստիտուտ»։ 

Նա նաեւ ընդգծում է՝ չունեւորներին բանտերն են տանում, իսկ խոշոր թալանչիներին, որոնք անմիջապես պետությանն են վնաս պատճառել, բաց թողում. «Մենք սոցիալական անարդարությունն ենք քաջալերում դրանով։ Մենք չունեցողներին, գողերին բանտ ենք նստեցնում, իսկ խոշոր թալանողներին բաց ենք թողնում՝ ընդ որում, բացահայտվածի միայն մի մասը վերցնելով: Ինչո՞ւ ենք մենք նման բարեհոգություն դրսեւորում խոշոր օլիգարխների նկատմամբ, որոնք հիմա սկսել են սեփականատեր կոչվել: Այս ամոթալի երեւույթ է Հայաստանի համար»։