ՀՀ գործող իշխանությունը Արցախի հարցում արդյունավետ քաղաքականություն չի վարում: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:
«Հեղափոխությունից հետո Արցախում իշխանությունը պահվեց նույնը, որը կոպտագույն սխալ էր։ Փաշինյանը պետք է ուղղակի գահընկեց աներ Արցախի իշխանություններին։ Հայկական քաղաքական դաշտի ուլտրալիբերալները կասեն՝ ինչպե՞ս գահընկեց աներ, Արցախը անկախ պետություն չէ, Արցախը դե ֆակտո Հայաստանի մաս է» - նշեց նա։
Արցախի պարագայում, քաղաքագետի համոզմամբ, բլեֆի քաղաքականություն է վարվում. «Նախկին իշխանությունները վարում էին մեկ տիպի բլեֆ, նոր իշխանությունները վարում են մեկ այլ տիպի բլեֆ: Նա չի կարծում, որ այսօրվա իշխանությունները մտադիր են հող տալու, բայց կարծում է, որ այս իշխանությունը ստիպված կլինի կանգնելու լրջագույն ընտրության առջեւ, եթե շարունակի բանակցել Մադրիդյան սկզբունքների շուրջ. «Դրանք հող տալու մասին սկզբունքներ են։ Նոր իշխանությունները բանակցում են հույսը դնելով նոր տեսակի բլեֆի վրա՝ Արցախը բանակցային կողմ դարձնելու անարժեք բլեֆի վրա»։
Հայկ Մարտիրոսյանը պնդում է՝ եթե ինքը լիներ վարչապետ, դուրս կգար բանակցային այդ ֆորմատից. «Եթե ես լինեի վարչապետ, ունենալով ժողովրդի անվերապահ քվեն, կհայտարարեի, որ ՀՀ-ն դուրս է գալիս այս ֆորմատից, այն իրեն չի արդարացրել, այն պատերազմի տանող ֆորմատ է, հայ ժողովուրդն այն մերժել է, Հայաստանը չի ուզում տարածքներ տալ»:
Նա համոզված է՝ նրանք, ովքեր ասում են, որ եթե տարածքներ չզիջենք, պատերազմ կսկսի, ստում են. «Ադրբեջանը պատերազմ միեւնույն է սկսելու է, հակառակ դեպքում միլիարդավոր դոլարներ չէր ծախսի սպառազինության վրա»։
Քաղաքագետը նշում է՝ Հայաստանը, շարունակելով Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցելը, թուլացնում է իր դիրքերը այն առումով, որ պարտավորություն է ստանձնում տարածքներ հանձնելու: «Ինչ-որ պահի եթե չհանձնի, բարոյապես պարտություն է կրելու միջազգային հանրության առջեւ»,- եզրափակեց նա:





























