Նախկինում Հայաստանը չի ունեցել արտաքին քաղաքականություն, հիմա էլ չունի։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը:

«Կառավարման սկզբունքը նույնն  է՝ ըստ իրավիճակի, բայց եթե նախկինում շատ հստակ սահմաններով, հստակ սահմանափակումներով, այսպես ասած, արտաքին քաղաքականություն էր վարվում, ապա այժմ չկան սահմաններ, բայց չկա նաեւ ուղեգիծ։ Հայտնի չէ, թե որ ուղղությամբ է գնում երկիրը»,– նշեց քաղաքագետը։

Նրա կարծիքով՝ Հայաստանում ունենք շատ լուրջ խորքային խնդիր, այն է՝ չունենք գաղափարախոսություն. «Մենք չունենք գաղափարախոսություն, մենք չունենք անգամ գաղափար, թե մենք որ ուղղությամբ ենք ուզում գնալ»։

Քաղաքագետը շեշտեց՝ արտաքին քաղաքականություն վարելիս Հայաստանը պետք է լինի նախաձեռնող, մինչդեռ նախաձեռնող չէ։

«Հայաստանը պետք է լոզունգային, հանրահավաքային մոտեցումներից դուրս գա։ Հայաստանը պետք է քաղաքական հայեցակարգ ունենա՝ ոչ միայն արտաքին, այլ ներքին։ Ո՞րն է Հայաստանի արտաքին քաղաքական հայեցակարգը, ո՞ւր է գնում Հայաստանը»,–հավելեց նա՝ ընդգծելով, որ Հայաստանը անշեղորեն գնում է հակակոռուպցիոն պայքարի, բայց դա, քաղաքագետի համոզմամբ, հայեցակարգ չէ, արտաքին քաղաքական ուղղություն չէ։