ՀՀ կառավարությունն այսօրվա՝ մարտի 7-ի նիստում ընդունեց ՀՀ ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության լիզինգի աջակցության ծրագրի վերաբերյալ նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանը:

Նրա խոսքով, Ծրագրի շրջանակներում ֆինանսական կառույցների կողմից ընդունվել են 30 տնտեսվարողի լիզինգի տրամադրման հայտեր շուրջ 1.8 միլիարդ դրամի չափով, որից հաստատվել է արդեն 8 հայտ:

Նախարարը նշեց, որ նախագծով առաջարկվում է սարգավորումների ձեռք բերման վերին շեմը 230 մլն դրամից դարձնել 450 մլն դրամ մեկ տնտեսվարողի հաշվարկով, նաեւ ծրագրի շրջանակում ընդգրկել նաեւ կաթի տեղափոխման իզոթերմիկ ցիստեռները. «Ցանկում ներառված է սահմանամերձ 30 բնակավայր եւ 16 համայնք»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե կոնկրետ գյուղացիներին ինչ հնարավորություն է տալիս, ինչին Գեղամ Գեւորգյանը պատասխանեց, որ սրանով գյուղատնտեսության ոլորտում գործող բիզնեսներին հնարավորություն է տրվում ձեռք բերել սարքավորում 4 տոկոսով, մնացածը պետությունը սուբսիդավորում է:

«Ավելացնում ենք կաթ տեղափոխող իզոթերմիկ ցիստեռները»,-ասաց նա եւ նշեց, որ կթող սարքը մտնում է դրա մեջ:

Վարչապետը կարեւորեց սա. «Ձեռքով կթված կաթն ու այդ գործիքով կթված կաթը տարբեր գների ու արժեքների ապրանքներ են, ընդ որում՝ տարբերությունն էական է: Շատ կարեւոր է նաեւ կթելուց հետո կաթի պահպանման ջերմաստիճանը: Այս տեխնոլոգիական պայմաններում ստացած կաթը արտադրության մեջ ունի բոլորովին այլ նշաձող, քան թե ավանդական եղանակով ստացած կաթը: Հույս ունենք, որ այս հնարավորություններից մեր հայրենակիցները կօգտվեն»,-ասաց Փաշինյանը:

Գեղամ Գեւորգյանը տեղեկացրեց նաեւ, որ սահմանամերձ գյուղերում այս ծրագիրը կգործի զրո տոկոսով, եւ եթե օրինակ՝ ինչ-որ մեկը ցանկանա Չինարիում կամ Պառավաքարում գործունեություն իրականացնել, հատուկ վերաբերմունք է լինելու:

Վարչապետը կարեւորեց, որ հնարավորինս տոկոսները պետք է իջեցվեն, որ վարկային միջոցները դառնան մատչելի: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ մոնիթորինգ են իրականացնում, ու որտեղ հնարավոր է միջոցների ավելացում, պայմանների բարելավում, շատ արագ կարձագանքեն ու նոր որոշումներ կբերեն կառավարություն: