Երեկ կառավարության դիմաց Տաջիկստանի քաղաքացիների կողմից «Ուզբեկ Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ-ի դեմ հնչեցված մեղադրանքները աշխատավարձերը չվճարելու մասին զրպարտություն են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ուզբեկ Տեքստիլ Գրուպ» ՍՊԸ տնօրեն Գագիկ Խաչիկյանի օգնական Լուսինե Ագլամազյանը։ 

Նրա խոսքով՝ չնայած ըստ պայմանագրի աշխատանքի համար վարձատրությունը սահմանված է եղել աշխատանքի ավարտից հետո, սակայն իրենք մայիսից մինչեւ նոյեմբեր ամիսները վճարել են, թեեւ բամբակի մեծ մասը դեռ հավաքված չէ Տաջիկստանի վերոհիշյալ քաղաքացիների կողմից։

«Ընկերությունը ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել դրսի կազմակերպության հետ եւ տաջիկներին բերել է Հայաստան։ Ծառայության պայմանագիրը կնքվել է այն պայմանով, որ պետք է աշխատանքը կատարվի, ավարտվի, որից հետո նոր ստանան վարձատրությունը։ Պայմանագրով նրանք պետք է մինչեւ նոյեմբերի վերջ ավարտեին բամբակի հավաքումը, սակայն քանի որ ցանքը մի քիչ ուշ էր սկսվել, հավաքը ձգձգվեց մինչեւ դեկտեմբեր, իրենց պետք է վճարեինք աշխատանքի ավարտին, սակայն նրանց աշխատավարձերը մայիսից մինչեւ նոյեմբեր վճարված են։ Այսինքն՝ ղեկավարությունը չի առաջնորդվել իրավաբանական փաստաթղթերով, այդ մարդկային տեսանկյունից է հարցին նայել»,–նշեց նա։

Լուսինե Ագլամազյանը մանրամասնեց՝ յուրաքանչյուրի ամսական աշխատավարձը կազմում էր 450 դոլար։ «Մենք գումարները փոխանցել են իրենց մատնանշած հաշվեհամարին, համապատասխան մարդկանց Տաջիկստանում, իսկ իրենց այստեղ ընդհանրապես գումար պետք չէր գալիս, որովհետեւ իրենք բնակարանով ապահովված էին, նշեմ նույնիսկ, որ բնակարանը տաջիկների համար մենք կոսմետիկ վերանորոգման էինք ենթարկել, սնունդը մեր հաշվին էր, տեղափոխումը եւս մեր հաշվին էր, բացի այդ բոլոր ծախսերի համար ապահովում էին անհրաժեշտ ֆինանսական միջոցներով, նրանք ոչ մի բանի կարիք առհասարակ չեն ունեցել, ամառը մի քանի անգամ էքսկուրսիաներ ենք կազմակերպել, շաբաթական 2-3 գառ բերում էինք, մորթում էին, ուտում»։

Նրա փոխացմամբ՝  Տաջիստանի քաղաքացիներից ով գնացել է, վճարել են, նվերներով ճանապարհել են, սակայն մնացողները հրաժարվում են աշխատանքը ավարտին հասցնել. «Ով մնացել է, ասել ենք՝ եկեք, բամբակը հավաքեք դաշտից, ասում են՝ չենք հավաքում։ Չեմ հասկանում՝ ո՞վ է նրանց հրահրում»։

Ընկերության տնօրենի օգնականի խոսքով՝ մեծ գումարներ են ծախսում «տաջիկների հարմարավետություն ապահովելու համար, սակայն տաջիկները հրաժարվում են աշխատել, ընկերությունը ստիպված է եղել Արաքս գյուղից օրավարձով բամբակ հավաքող կանանց ներգրավվել։ Իսկ տաջիկները պառկել են բազմոցին, ասում են՝ չեմ աշխատում, բայց պետք է ինձ վճարեք»։

Նա շեշտում է՝ քիչ է դեկտեմբերից հրաժարվել են աշխատել, մեծ վնասներ են տալիս, բայց պահանջում են իրենց վարձատրել չաշխատած ամիսների համար. «Իրենք պետք է ապրանքը տային ինձ՝ հանձնման–ընդունման ակտով, որից հետո ես պետք է իրենց վճարեի, հանձնման–ընդունման ակտ չկա, բամբակի 70 տոկոսը մնացել է դաշտում, սակայն միաժամանակ նրանցից ամեն մեկը գալիս է, թե տունը երեխայի համար դեղ պետք է գնենք, ընտանիքիս համար 1000 դոլար պետք է, բայց մնացածը չիմանան, մենք էլ իր նշած մարդու անունով ուղարկում ենք,  բայց տեսեք՝ այսօր եկել է հրապարակ, բողոքում է, թե փող չեն տվել։ Մենք չենք ասում փող չենք տալու, նույնիսկ այս ամիսներին, որ հրաժարվում են աշխատել, մենք ապահովում են հացով ու ջրով, բնակարանը ջեռուցում ենք, խանութից ասել ենք՝ ինչ կցանկանաք, վերցրեք, մենք կվճարենք, իրենք էլ 1 մլն դրամի ապրանք են վերցրել։ Նրանք առանց օգուտ տալու այսքան վնաս են պատճառում»։

Ընկերության ներկայացուցիչն ընդգծեց նաեւ՝ պատրաստ է տրամադրել վճարման մասին հավաստող անդորրագրերը. «Ես վախենալու բան չունեմ, քանի որ աշխատել եմ փաստաթղթերով եւ ունեմ փոխանցումների կտրոնները։ Մայիսից նոյեմբեր ամբողջ վճարումները կատարված են»։

Հարցին, թե ինչու հետ չեն ուղարկում նրանց Տաջիկստան, եթե չեն աշխատում, Լուսինե Ագլամազյանը վրդովմունք հայտնեց, որ իրենք մեծ գումարներ են ծախսել, ապահովել են Տաջիկստանի վերոհիշյալ քաղաքացիներին բոլոր հարմարություններով ոչ նրա համար, որ բերքի հավաքման ժամանակ հրաժարվեին աշխատելուց, բացի այդ, նրա խոսքով, բամբակի հավաքման կոմբայն են բերել, իսկ Հայաստանում դրա օգտագործման ձեւը չգիտեն։

Ընկերության ներկայացուցիչն համոզված է՝ նրանց ինչ–որ մեկը հրահրում է. «Տարիներ շարունակ Հայաստանում բամբակ չէին աճեցրել, լավ արդյունքի չէին հասել, շատերը կային, որ կցանկնային բամբակ աճեցնել, սակայն համոզված եմ՝ իրենք իրենցով հրապարակի տեղը չէին կարող գտնել։ Մենք մի անգամ տաջիկներին բերել ենք Երեւան, հրապարակը ցույց ենք տվել, սակայն ոչ նրա համար, որ մեր դեմ բողոքի ցույցի դուրս գան հրապարակ»,–հավելեց նա։

Հիշեցնենք, որ երեկ կառավարության դիմաց բողոքի ցույց էին իրականացնում տաջիկստանի մի քանի քաղաքացիներ, որոնք պնդում էին, որ աշխատել են, բամբակ են ցանել Էջմիածնի շրջանի Արաքս գյուղում, սակայն  դրա դիմաց չեն վարձատրվել։