Բելգիայում մարտի 8-ին հանուն կանանց իրավունքների համընդհանուր գործադուլ է հայտարարվել Collecti.e.f 8 mars ֆեմինիստական պլատֆորմի կողմից։ Ակցիան նպատակ ունի «ցույց տալ, որ առանց կանանց աշխարհը կանգ կառնի»։
Պլատֆորմը ընդհանուր պահանջների հիման վրա միավորել է տարբեր արհմիությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։ Առայժմ վաղ է խոսել ակցիայի մասշտաբների մասին, բայց բելգիական ԶԼՄ-ն արդեն տեղեկացնում են հոսպիտալների, ծերանոցների եւ այլ հաստատությունների աշխատանքի խափանումների մասին, որոնց անձնակազմերի մեծամասնությունը կանայք են ։
Ակցիայի կազմկոմիտեի ներկայացուցիչ Ռութ Պալուկու-Աթոկայի խոսքով՝ որոշվել է ակցիան անցկացնել գործադուլի տեսքով, քանի որ աշխատանքի դադարեցումը ուժեղ ազդանշան է։
«Դա թույլ կտա ցույց տալ, թե որտեղ են հարկավոր կանայք»,- նրան մեջբերում է բելգիական Le Soir-ը։




























