Հարկային օրենսգիրքը չի ստեղծում հեղափոխական զարգացման հնարավորություններ, եւ միայն օրենսգրքի մի քանի գլուխը փոխելը բավարար չէ այդ խնդիրը լուծելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նրա խոսքով, կառավարության ծրագիրը սպասարկելու համար պետք են արդյունավետ գործիքներ, որոնց մեջ շատ լուրջ դեր ունի Հարկային օրենսգիրքը. «Հայաստանի նման փոքր երկրի դեպքում տարեկան 5 տոկոսանոց աճի քայլերով գնալը շատ դանդաղ է: Հայաստանի ՀՆԱ-ն 2017-ին շուրջ 11 մլրդ դոլար է, որի 5 տոկոսը մոտ 550 մլն դոլար է, ինչը բավարար չէ Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: Մեզ տնտեսական այնպիսի աճ է պետք, որ կարողանանք գործազրկությունը նվազեցնել եւ մեծացնել արտադրողականությունը:
Հայաստանում արտադրողականությունը շատ ցածր է, որը պայմանավորված է նաեւ աշխատուժի ցածր արտադրողականությամբ: Այստեղ կարեւոր դեր ունի կրթությունը: Հեղափոխական փոփոխություններ պետք է իրականացնել առաջին հերթին կրթության ոլորտում, որպեսզի կրթությունը կարողանա հետագայում սպասարկել տնտեսությունը: Մինչդեռ այսօր ԿԳՆ-ն իր գործելակերպով չի արտահայտում հեղափոխական փոփոխությունները»,-ընդգծեց Մակարյանը:
Դիտարկմանը, թե իշխանությունները հայտարարում են, որ այլեւս չկան մենաշնորհներ ու կոռուպցիան, այդ դեպքում՝ ինչո՞ւ են ուշանում այդքան սպասված ներդրումները, Գագիկ Մակարյանն արձագանքեց. «Ներդրումների համար պետք է լինեն մի քանի կարեւոր պայմաններ, որոնք դեռ չկան: Նախ, ներդրողներն ուզում են, որ չլինեն պրոտեկցիոնիստական մոտեցումներ տեղական արտադրողի կամ տեղական ընկերությունների համար: Մենք մինչեւ հիմա չգրված օրենքներով փորձել ենք պաշտպանել տեղական բիզնեսներին: Կամ եթե եկել են ներդրողներ, նույն շահերի բախման պատճառով հեռացել են, նրանց բիզնեսում փայ են մտել, կիսվել են, կամ տեղական ընկերություններին չգրված օրենքներով քվոտաներ են տվել: Օրինակ, ներմուծման ոլորտում մոնոպոլիզացված էր դաշտը»
Երկրորդ գործոնը, ըստ Մակարյանի, այն է, որ ներդրողներն ուզում են, որ իրենք կարողանան Հայաստանում իրենց բիզնեսից ստացած եկամուտը արտարժույթով տեղափոխել իրենց երկիր. «Մենք դրան խանդով ենք վերաբերվում, ասում ենք՝ էսքան գումարներ դուրս տարան:
Բացի այդ, ներդրողների համար կարեւոր է, որ մի քանի տարի հարկային օրենսգիրքը չփոխվի, մինչդեռ մենք տարվա մեջ մի քանի անգամ փոխում ենք:
Հաջորդը, ներդրողներն ուզում են, որ գործի արբիտրաժային ինստիտուտը, որի հարցում մենք էլի կաղում ենք:
Բնական ռեսուրսներ չունենալու դեպքում ներդրումների համար գրավչություն է համարվում աշխատուժի որակը: Այսօր Հայաստանը չի փայլում իր աշխատուժի որակով ու այդ հարցում ունենք անկում, մարդիկ հեռացել են երկրից:
Մյուս կողմից ԵՏՄ-ի երկրների համեմատ Հայաստանում եկամտային հարկը կրկնակի բարձր է: Այսինքն մենք աշխատավարձից շատ հարկեր վերցնելով մեր որակյալ աշխատուժի շրջանում գեներացրել են աշխատանքային միգրացիան, որ հեռանան այլ երկրներում աշխատեն»,-հայտարարեց տնտեսագետը:




























