Պետք է հասկանալ՝ կառուցվածքային փոփոխություններից հետո որքան մարդ Հայաստանում առանց աշխատանք կմնա:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ նրանք դեռեւս չեն քննարկել կառավարության կառուցվածքի փոփոխությունները, քանի որ նախագիծը դեռեւս չի ներկայացվել խորհրդարան:

«Երբ դա տեղի ունենա, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կքննարկի ներկայացված նախագիծը: Մենք կփորձենք հասկանալ, թե ինչ փիլիսոփայություն է ընկած փոփոխությունների հիմքում: Կլինեն արդյոք պետական ապարատի աշխատակիցների կրճատումներ, քանի մարդ կմնա առանց աշխատանքի եւ ինչպես է որոշվելու նրանց հետագա ճակատագիրը», - ընդգծեց պատգամավորը:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս եւ այլ հարցերի պատասխաններից հետո նրանք կներկայացնեն իրենց դիրքորոշումը:

«Մեր դիրքորոշումը կախված կլինի կառավարության հետ հարցուպատասխանի արդյունքներից», - եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ օրինագծի համաձայն մշակույթի, գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի նախարարությունները ենթակա են լուծարման: