Հայաստանում, Ուկրաինայում և Ուզբեկստանում գյուղատնտեսական բարձրագույն կրթական համակարգը կատարելագործելու և ուսանողների ու դասախոսների պրակտիկ հմտությունները զարգացնելու նպատակով «Ագրարային ուսուցման ոլորտում տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության» TOPAS Էրազմուս+ Հիմնական գործողություն-2 եվրոպական նախագծի շրջանակում ս.թ. փետրվարի 13-ից 26-ը Գերմանիայում վերապատրաստվել են գործընկեր երկրների դասախոսները:
«Ֆերմերային տնտեսությունների տվյալների հավաքագրում, կառավարում և կիրառում» խորագրով վերապատրաստման ծրագրին Հայաստանից մասնակցել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Երևանի պետական համալսարանի չորս դասախոսներ:
ԵՄ-ի Էրազմուս+ ծրագրի համաֆինանսավորմամբ իրականացվող TOPAS նախագծի շրջանակում դասախոսները ծանոթացել են կայուն գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրման, մշակման, կառավարման և դրանց օգտագործման գործընթացին՝ դիտարկելով Գերմանիայում գործող Գյուղատնտեսական տեխնիկայի և կառուցվածքների ասոցիացիայի (KTBL) փորձը:
«Տեսականորեն յուրացված գիտելիքները գործնական հմտությունների վերածելու նպատակով այցելել ենք տիպիկ գերմանական ֆերմերային տնտեսություն և տեղում հետևելով գյուղատնտեսական մեքենաների շահագործման և կենդանիների բուծման ընթացքին՝ հավաքագրել ենք մեզ անհրաժեշտ տվյալները, որոնց հիման վրա ավելի ուշ Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում (HSWT) «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի և TOPAS ծրագրի համակարգող դոկտոր, պրոֆեսոր Ռալֆ Շլաուդերերի անմիջական օգնությամբ կատարել ենք արդյունավետության գնահատման հաշվարկներ «MAX» ծրագրով», - պատմում է ՀԱԱՀ Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Արման Տոնիկյանը:
Նշենք, որ TOPAS-ը նպաստում է նաև հեռահար ուսուցման զարգացմանը և այդ նպատակով վերապատրաստվող դասախոսների մասնակցությումբ աշնանացան ցորենի հաշվարկային օրինակով նկարահանվել են ուսուցողական տեսանյութեր Զանգվածային բաց առցանց դասընթացների (MOOC) ձևաչափով:
TOPAS-ի հիմնական նպատակը ագրարային ուսուցման ոլորտում այնպիսի մեխանիզմների մշակումն ու ներդնումն ներդրումն է, որոնք կնպաստեն գործնական հմտությունների զարգացմանը, հատկապես՝ կարողություններին միտված կրթության իրականացման և պրակտիկաների նոր մոդելի ստեղծմամբ ու ներդրմամբ:
Հավելենք, որ TOPAS-ում ընդգրկված են 10 կրթական հաստատություններ եվրոպական 7 երկրներից, այդ թվում՝ Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Հայաստանից, Ուկրաինայից և Ուզբեկստանից:


.jpg)





























