Փետրվարի 24–ի գիշերը Էրեբունիում հնչած կրակոցների հետեւանքով գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած 28–ամյա Կարո Կարապետյանի վիճակը ծանր է, նա շարունակում է գտնվել «Էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը։

«Հիվանդի վիճակը ծանր է, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, պայքարում ենք նրա կյանքի համար»,- ասաց Արմեն Մուրադյանը, նշելով, որ որոշակի կայունացում, այնուամենայնիվ կա երիտասարդի վիճակում:

Հիշեցնենք, որ փետրվարի 24–ին կրակոցներ են հնչել Էրեբունու «ՏԷՑ-ի կռուգ» կոչվող վայրում, ինչի հետեւանքով տարբեր ԲԿ–ներ են տեղափոխվել 3 անձինք։ Տուժածներից երկուսի վիճակը բժիշկների գնահատմամբ՝ բավարար է։

Դեպքի առթիվ 2019թ. փետրվարի 24-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ։ Վերոհիշյալ երեք երիտասարդները ճանաչվել են տուժող:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, միջադեպին մասնակից անձանց շրջանակը, դեպքի վայրը, որը հանդիսանում է «ՏԷՑ» կոչվող վայրը:

Իրավապահները  հայտնաբերել են այն ավտոմեքենաները, որոնցով միջադեպի մասնակիցները դեպքի վայրից հեռացել են: Հայտնաբերված «Տոյոտա Սեկվոյա» ավտոմեքենայի զննությամբ արտաքին մակերեսին հայտնաբերվել են հրազենային վնասվածքներին բնորոշ բազմաթիվ վնասվածքներ, առջեւի դիմապակու վրա` բութ գործիքի ներգործությանը բնորոշ վնասվածք, իսկ «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ վարորդի կողապակու վրա` հրազենային վնասվածքին բնորոշ վնասվածք, արնանման հետք, իսկ սրահում՝ արնանման հետքեր, արնանման հետքեր պարունակող բաճկոն, փայտե մահակ։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ատրճանակի` 7,62մմ տրամաչափի 2 կրակված պարկուճ, ինքնաձիգի 7,62մմ տրամաչափի 1 կրակված պարկուճ եւ 1 գնդակ։ Բացի այդ, հայտնաբերվել է «Տոյոտա Սեկվոյա» ավտոմեքենայի դռանապակու հողմապաշտպան դետալից պոկված հատված, ինչպես նաեւ՝ «Նիսսան Վերսա» մակնիշի չկողպված դռներով ավտոմեքենա։