Արմավիրի Վարդանաշենի վերընտրված ՀՀԿ-ական համայնքապետ Արթուր Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:

«Ես համայնքապետի հետ առանձնազրույց  չեմ ունեցել ճիշտն ասած, միայն տեղյակ եմ, որ ընտրվելուց օրեր անց կնոջ հետ լքել է երկիրը»,-ասաց մարզպետը` նշելով, որ համայնքում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել:

Վարդանաշենում համայնքի արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 9-ին:

Արթուր Մանուկյանը հրաժարականի դիմումում նշել էր, որ իր պաշտոնավարումն անհնար է ելնելով անձնական խնդիրներից:

Նշենք, որ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը, համագյուղացիների դժգոհությունների և համայնքում ստեղծված լարված իրավիճակի պատճառով, 2018 թվականի նոյեմբերի 28-ին իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ համապատասխան դիմում էր ներկայացրել համայնքի ավագանուն, որը բավարարվել Էր: 2019 թվականի փետրվարի 17-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նա դարձյալ առաջադրել էր իր թեկնածությունը և 50 ձայնի տարբերությամբ վերընտրվել համայնքի ղեկավարի պաշտոնում: