Հարկային նոր օրենսգիրքն ակնհայտորեն բացասաբար է ազդելու է փոքր ու միջին բիզնեսի վրա, այդ թվում գազավորված ըմպելիքի արտադրության ոլորտում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ նախկին պտգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Նրա խոսքով, առանց այդ էլ այդ ոլորտում արտադրությամբ զբաղվող ընկերությունները գտնվում էին ծանր իրավիճակում, ոչ մեծ շահութաբերությամբ գործունեություն էին ծավալում, իսկ հիմա, երբ ակցիզային հարկը բարձրանում է, սպառման ծավալները կփոքրանան, որը կբերի տնտեսվարող սուբյեկտների գործունեության դադարեցման:
«Իմ համոզմամբ, սա հետապնդում է ավելի շատ բյուջետային մուտքերն ավելացնելու նպատակ»,-ընդգծեց Բոստանջյանը:
Դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում է տնտեսական հեղափոխության, տնտեսական հրաշքի մասին, արդյոք այս Հարկային օրենսգիրքը հիմքեր ստեղծում է նման հրաշքի համար, տնտեսագետը պատասխանեց. «Ոչ, ես կարծում եմ, որ նման հիմքեր չի տալիս: Ընդհանրապես, կարելի է քաղաքացիներին որոշակի էմոցիոնալ դաշտում պահելու համար օգտագործել «տնտեսական հեղափոխություն» կամ նմանատիպ արտահայտություններ, բայց տնտեսության կտրվածքով դա ապակողմնորոշիչ կարող է լինել: Տնտեսական հեղափոխություն մենք ակնհայտորեն ի զորու չենք իրականացնելու: Եթե մենք կարողանանք ընդհանրապես մեր տնտեսության կառուցվածքը գոնե աստիճանաբար ավելի արդիականացնենք, ժամանակակից դարձնենք, կարողանանք տնտեսվարող սուբյեկտների համար գործունեության ոլորտները, ուղղությունները պետության կողմից կյանքի կոչել, արդեն իսկ նվաճում կլինի: Իսկ «տնտեսական հեղափոխությունը» գերադրական մտքով է ասվում, որի համար հետագայում պատասխաններ են պահանջվելու»,-ընդգծեց նա:





























