Այսօր՝ մարտի 10-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում. հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 13:50-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացել, որ Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի 16 տանը տղամադու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում հայտնաբերել են տանտիրոջ՝ 64-ամյա Մելքոն Չոլախյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայի բազմաթիվ հեռքեր:

Ըստ աղբյուրի՝ Կոտայքի բաժնի և ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները տաք հետքերով սպանություն կատարելու կասկածանքով հենց դեպքի վայրում՝ տանից դուրս գալիս, բերման են ենթարկել սպանվածի որդուն՝ նույն հասցեի բնակիչ, 36-ամյա Գևորգ Չոլախյանին:

Դիակի կողքին՝ վառարանում, ոստիկանները հայտնաբերել են 2 դանակ՝ արնանման հետքերով: Քննիչը դանակները առգրավել է:

Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ֆոտոլրագրողի հետ զրույցում հարևաններն ասել են. «Շոկի մեջ էինք, երբ լսեցինք, որ տղան սպանել է հորը: Համերաշխ ընտանիքն են եղել, թե ինչն է դրդել նման դաժան սպանության՝ չգիտենք: Սպանվածի մի տղան գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, սպանվածի կինն էլ բուժքույր է: Հաշտ, խաղաղ ընտանիք են եղել: Ցավում ենք, որ նման դեպք է տեղի ունեցել»: