Մարտի 10-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 9-ի ժամը 20.00-ից մարտի 10-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում դռան կողպեքը կտրելով` մտել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 1-ին կմ-ին գտնվող, Ղուրսալի գյուղի վարչական տարածքին պատկանող «Սպիտակ 2» ընկերության պահեստ եւ գողացել էլեկտրական սարքավորումներ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մարտի 9-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ինքնությունը չպարզված չորս անձինք, տեխնիկական միջոցի գործադրմամբ մուտքի դուռը բացելով, ապօրինի մուտք են գործել հիշյալ ընկերության պահեստարան եւ այնտեղից հափշտակելու նպատակով դուրս են բերել մոտ 1.000.000 դրամ ընդհանուր արժողությամբ էլեկտրական սարքավորումներ՝ անջատիչներ, բաժանարարներ, մետաղալար, հոսանքի փոխարկիչներ եւ այլն, որոնք տեղավորել են «Օպել» մակնիշի եւ մեկ այլ ավտոմեքենայի մեջ:
Ընկերության տնօրենի որդին եւ թոռը, նկատելով նրանց, մոտեցել եւ պահանջել, որ դադարեցնեն գործողություններն ու մնան տեղում, սակայն հիշյալ անձինք իրենց ավտոմեքենաներով դիմել են փախուստի՝ բացահայտ հափշտակելով վերոնշյալ գույքը:
Դեպքի առթիվ մարտի 10-ին ոստիկանության Սպիտակի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության ծառայողները մարտի 10-ին, ժամը 20.40-ին, իր տնից բերման են ենթարկել Երեւան քաղաքի բնակիչ, 1979 թ. ծնված Էդգար Ք.-ին՝ իր վարած «Օպել»-ով: Նա խոստովանել է հանցանքը կատարելու փաստը:
Հափշտակված գույքի մի մասն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցներ հանցագործության մյուս մասնակիցներին, ավտոմեքենան, հափշտակված մնացած գույքը հայտնաբերելու ուղղությամբ:
Էդգար Ք.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:





























