Հայաստանը չի հայտնվել The Wall Street Journal թերթի կազմած երկրների ցանկում, որտեղ կարող են զանգվածային հուզումներ լինել: Դա տեղի է ունեցել «տեխնիկական» պատճառներով, սննդամթերքի գների անհրաժեշտ տեղեկությունների բացակայության եւ միջին վիճակագրական հայաստանցու կողմից առաջին անհրաժեշտության ապրանքների վրա ծախսվող գումարների մասին տվյալների բացակայության պատճառով: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Նորավանք» վերլուծական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը:
Որպես օրինակ բերելով Եգիպտոսը` նա նկատել է, որ այնտեղ մեկ մարդն իր եկամտի 30 տոկոսը ծախսում է առաջին անհրաժեշտության սննդամթերքի վրա. «Երբ գներն աճեցին 30 տոկոսով, միջին վիճակագրական եգիպտացին սկսեց ծախսել 40-45 տոկոսը, իսկ դա իր հերթին հանգեցրեց հայտնի իրադարձություններին»:
Ինչ վերաբերում է Հայաստանում սոցիալական խռովության հնարավորությանը Հարությունյանը նշել է, թե երկրում չկա այն վտանգավոր սահմանը, որը կարող էր հանգեցնել ժողովրդական խռովությունների Եգիպտոսի եւ Թունիսի օրինակով:


























