ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր՝ մարտի 11-ին, այցելել է Գրիբոյեդով համայնք եւ հանդիպել բնակիչների հետ: Մարզպետը Գրիբոյեդովի բնակիչների հետ քննարկել է Գրբոյեդով-Խորոնք մարզային նշանակության 5,2 կմ երկարության ճանապարհի Գրիբոյեդով համայնքի 2 կմ հատվածի հիմնանորոգման հարցը:
Բնակիչների հետ հանդիպման ընթացքում նա նախ հանգամանորեն ներկայացրել է պետության աջակցությամբ համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի էությունը եւ դրանց կարեւորությունը ներհամայնքային խնդիրների լուծման տեսանկյունից` միաժամանակ հորդորելով նրանց բարելավել համայնքում սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը եւ համապատասխան ծրագրին մասնակցելու հայտ ներկայացնել:
Անդրադառնալով ճանապարհի հիմնանորոգման հնարավորություններին` մարզպետը տեղեկացրել է, որ խնդրի լուծման տարբերակները քննարկել է պատկան գերատեսչությունների եւ մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ: Ըստ նրա` ճանապարհը հնարավոր է հիմնանորոգել սուբվենցիոն ծրագրի շրջանակում կամ հրատապ, ինչպես նաեւ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աջակցությամբ իրականացվող պետական ծրագրերի միջոցով:
Համբարձում Մաթեւոսյանն առաջարկել է Գրիբոյեդովի բնակիչներին այսուհետ համայնքին վերաբերող ցանկացած հարց քննարկել իր հետ` փորձելով գտնել լուծման ողջամիտ տարբերակներ: Նա անընդունելի է համարել հարցերին լուծում տալու ակնկալիքով ճանապարհ փակելու տարբերակը` վստահեցնելով, որ քաջատեղյակ է Գրիբոյեդովում եւ մարզի մյուս համայնքներում առկա խնդիրներին, որոնց լուծման հարցում ակնկալում է համայնքապետարանների եւ համայնքների բնակչության համագործակցությունը մարզպետարանի հետ: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել բարելավել համայնքի բյուջեով պլանավորված ցուցանիշների կատարումը եւ համապատասխան հայտ ներկայացնել սուբվենցիոն ծրագրին մասնակցելու համար, որից հետո մարզպետարանի քաղաքաշինության վարչության հետ համատեղ կազմել ճանապարհի հիմնանորոգման ծրագրի նախագիծ-նախահաշիվը:
Համայնքի ղեկավար Վահե Գրիգորյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ գյուղացիները գոհ են մնացել։ «Եթե բնակիչը վճարի, իր հարկային պարտականությունները կատարի, հնարավոր կլինի ֆինանսավորել ասֆալտապատման այդ նախագիծը»,–նշեց նա։





























