ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության պետի նախկին տեղակալ Լեւոն Երանոսյանի փաստաբանը դիմել է ՀՔԾ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը՝ նշելով, որիրենք դիմել են քրեական գործի հարուցման որոշման օրինակը ստանալու համար ։
Նշենք, որ ՀՔԾ–ն Լեւոն Երանոսյանին չի տրամադրել քրեական գործ հարուցելու մասին որոշման օրինակը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում 2018 թվականի հոկտեմբերի 9-ին Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2013 թվականից սկսած Հայաստանի ոստիկանության զորքերի (ՈԶ) զինծառայողներին յուրաքանչյուր տարի հատկացվել է սոցիալական փաթեթ: Սոցիալական փաթեթի շրջանակներում տրամադրված 72 հազար դրամը զինծառայողն իրավունք է ունեցել տնօրինել հանգստի, հիպոթեքային վարկի մարման կամ ուսման վարձի վճարման նպատակով:
Ոստիկանության պետի նախկին տեղակալ, Ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի բանավոր հանձնարարության հիման վրա 2013-2018 թվականների ընթացքում ՈԶ ենթակայության տակ գտնվող զորամասերի մի շարք զինծառայողների սոցիալական փաթեթներով նախատեսված 72-հազարական դրամ գումարներն ուղղվել են զինծառայողների հանգստի կազմակերպմանը, գործընթացն իրականացվել է Երանոսյանի գիտությամբ զորամաս այցելած տուրիստական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ պայմանագրեր կնքելու միջոցով: 2014-ից սկսած ՈԶ N զորամասի անձնակազմը տեղեկացվել է, որ սոցիալական փաթեթով նախատեսված 72 հազար դրամը փոխանցվել է տուրիստական կազմակերպություններին, սակայն զինծառայողներին փաստացի մատուցվել են 52 հազար դրամ արժողության հանգստի ծառայություններ։
Որոշում է կայացվել Հայաստանի ոստիկանապետի նախկին տեղակալ, ՈԶ հրամանատար Լևոն Երանոսյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի կապակցությամբ քրեական գործից Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով գործ անջատելու, առանձին վարույթում առանձնացնելու և վարույթ ընդունելու մասին, գործն ուղարկվել է ՀՔԾ։





























