Մասիսի քաղաքապետի և մյուսների քրեական գործով մեկ ամիս է՝ ոչ մի նորություն չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Գործը վերադարձվել է քննչական մարմին՝ լրացուցիչ նախաքննության։ Մեր տեղեկություններով՝ նոր քննիչ է գործը քննելու, նախորդ քննիչն այլ աշխատանքի է տեղափոխվել, եւ մեկ ամիս է՝ ոչ մի տեղեկություն չունենք, ոչ տեսել ենք, ոչ լսել ենք»,–ասաց փաստաբանը։
Տիգրան Աթանեսյանը պնդում է, որ կարիք կա գործը կարճելու՝ կան եւ հիմքերը, եւ անհրաժեշտությունը. «Ամբողջովին ապօրինի հետապնդում է, թե ինչու է դատախազը ուղարկել նոր քննության, չեմ կարող ասել, քանի որ որոշմանը ծանոթ չեմ»։
Հիշեցնենք, որ օրերս Քննչական կոմիտեն հայտարարել էր նախաքննությունն ավարտելու մասին, ինչից հետո գործն ուղարկվել էր դատախազություն` մեղադրական եզրակացությունը հաստատելու համար։
Հիշեցնենք, 2018 թվականի ապրիլին խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ, ըստ մեղադրանքի, տեղի էր ունեցել խուլիգանական դրդումներով բռնություն։ Մեղադրանք է առաջադրվել 11 հոգու, այդ թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին:


























