Վենեսուելայի իշխանությունները երկրում շարունակվող էներգետիկ ճգնաժամի ֆոնին երեքշաբթին հայտարարել են անընդմեջ 5-րդ հանգստյան օրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երկրի նախագահի հրամանը աշխատանքային գործունեության եւ բոլոր մակարդակներում կրթական պարապմունքների դադարեցման մասին երկարացվում է եւս 24 ժամով»,- պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է երկրի կապի եւ տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը:
Երկրի կառավարությունն աշխատանքային օրը չեղյալ է հայտարարել արդեն 2 անգամ՝ մարտի 8-ին եւ 11-ին:
Մարտի 7-ին Վենեսուելայի խոշոր «Էլ Գուրի» ՀԷԿ-ում, որն ապահովում է երկրի էլեկտրականության պահանջի 80 տոկոսը, խոշոր վթար էր տեղի ունեցել: Դրան հաջորդած բլեքաութի հետեւանքով, որը արդեն անվանել են լատինաամերիկյան երկրի պատմության մեջ ամենամեծածավալը, հոսանքազրկվել է 23 նահանգից առնվազն 20-ը: Վթարը ուժգին հարված է հասցրել տրանսպորտային համակարգի եւ հաղորդակցության ծառայությունների աշխատանքին, այդ թվում՝ էլեկտրականության եւ ջրամատակարարումներին:
Կարակասի մետրոն, որը սպասարկում էր օրական միլիոնավոր մարդկանց, շարունակում է փակ մնալ: Բջջային կապն ու համացանցը խափանումներով են գործում: Տեղացիները պնդում են, որ սա մայրաքաղաքում ամենաերկարատեւ հոսանքազրկումն է:


























