ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների կողմից իրենց գործառույթների շրջանակներում ստուգվել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձանց եւ դատապարտյալների պահման պայմանները:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստուգման արդյունքում արձանագրվել են որոշ խախտումներ, որոնց վերաբերյալ տեղեկացվել է ՔԿՀ վարչակազմին:

Մասնավորապես պարզվել է, որ չնայած ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված՝ ՔԿՀ-ներում կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված արգելքներին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շատ խցերում պահվող անձանց քնելատեղերը, առանց համապատասխան թույլտվության, եղել են վարագուրապատված, ինչը ՔԿՀ-ի ծառայողներին զրկում է խցում առկա իրավիճակը, պահվող անձանց տեղաշարժն ամբողջությամբ հսկելու, դիտարկելու հնարավորությունից: Մի շարք խցերում արձանագրվել է նաեւ դռների դիտանցքներն ու կերակրադռնակները ներսից փակելու, այդպիսով խցի ներսը քողարկելու դեպքեր:

Ստուգման ընթացքում արձանագրվել են խնդիրներ՝ նաեւ կապված  ՔԿՀ-ի խցերի սանիտարահիգիենիկ պայմանների, ինչպես նաեւ դատապարտյալին հատկացվող բնակելի տարածության մակերեսի մինիմալ չափանիշների պահպանման հետ:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմը պարտավորվել է հնարավորության սահմաններում վերացնել արձանագրված թերությունները եւ արդյունքների մասին հայտնել ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությանը:

Բացի վերոնշյալը, նաեւ ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի, ստուգման ընթացքում դատախազության աշխատակիցների կողմից նախաձեռնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տվյալ պահին հացադուլի մեջ գտնվող 5 անձանց ընդունելություն: Վերջիններիս հետ տարվել են բացատրական աշխատանքներ, ինչի արդյունքում հացադուլում գտնվող անձանցից մեկը նույն օրը, եւս երկուսն ավելի ուշ դադարեցրել են հացադուլը: Իսկ մեկ անձ, դատախազության պահանջով, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով:

Ընդունելության ընթացքում պարզվել է, որ հացադուլի մեջ գտնվող անձանց գանգատները կապված են իրենց վերաբերյալ քննվող քրեական գործերի հետ: Այդ մասին տեղեկացվել են նշված անձանց վերաբերյալ քրեական գործերով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները: